Եվրոպայի խորհուրդը Վրաստանին կոչ է արել «հստակեցնել իրենց մտադրությունները»

Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ է արել «հստակեցնել իրենց մտադրությունները» եվրաինտեգրման և երկրի արտաքին քաղաքականության կուրսի վերաբերյալ։ Այս մասին ասվում է ԵՄ առաջնորդների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։


Եվրախորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Վրաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների և օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման կապակցությամբ։ «Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ է անում հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով գործողությունների ներկայիս կուրսը, ինչը սպառնալիքի տակ է դնում Վրաստանի ուղին դեպի ԵՄ և դե-ֆակտո հանգեցնում գործընթացի կասեցման»,- ասվում է հայտարարության մեջ։


Եվրոպայի խորհուրդը կոչ է անում «վերջ դնել Վրաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների դեմ ահաբեկման, սպառնալիքների և ֆիզիկական հարձակումների հաճախակիացող գործողություններին»։


ԵԽ հայտարարության մեջ հիշեցվում է, որ «հարգանքը արժեքների և սկզբունքների նկատմամբ, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը, կարևոր նշանակություն ունի ցանկացած երկրի համար, որը ձգտում է դառնալ դրա անդամը»: